20-ամյա Քրիստոֆեր Լի Կոռնելին իրավապահների վրա հարձակման եւ հանցանք գործելու նպատակով հրազենի ապօրինի պահպանման մեղադրանքներ են ներկայացվել, հայտնել է արդարադատության նախարարությունը։ Ըստ ՀԴԲ-ի՝ նա մտադրվել էր շենքում ինքնաշեն պայթուցիկներ պայթեցնել, հետո կրակ բացել։

ՀԴԲ-ն առաջին անգամ Կոռնելի վրա ուշադրություն էր դարձրել ինֆորմատորի այն տեղեկությունից հետո, թե մեղադրյալը ԻՊ ահաբեկչական խմբավորման քարոզչական նյութեր է տարածում: Կոռնելը նաեւ նշել էր  ծայրահեղական իսլամիստ հոգեւորական Անվար Ավլակիի կողմից «նախքան նրա նահատակությունը» ստացած «օրհությունը»: Ավլակին սպանվել էր 2011 թ.՝ ամերիկյան անօդաչու օդանավի միջոցով:  

ԱՄՆ իշխանությունները Ավլակիին համարում էին Արաբական թերակղզում «Ալ Կաիդայի»՝ Եմենում տեղակայված բջջի օպերատիվ պարագլուխը. հենց այդ ստորաբաժանումն է ստանձնել  Փարիզի Charlie Hеbdo ամսագրի վրա ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:

Կոռնելն անցյալ տարվա  հոկտեմբերին եւ նոյեմբերին Ցինցինատիում հանդիպել էր  ՀԴԲ ծպտված ինֆորմատորի հետ, փոխանցում է rbc-ն՝ վկայակոչելով ABC News-ը:

Նա պատմել էր, որ Կոնգրեսի անդամներին թշնամիներ է համարում եւ մտադիր է հարձակում կազմակերպել Կապիտոլիումի վրա: Չկայացած ահաբեկիչը գումար էր հավաքել ծրագիրն իրականացնելու համար եւ ինքնուրույն ուսումնասիրել ռումբերի պատրաստումը: Նա նաեւ ձեռք էր բերել երկու կիսաավտոմատ հրացան եւ 600 փամփուշտ: