Փարիզի Charlie Hebdo ամսագրի վրա հարձակում գործած Շերիֆ եւ Սայիդ Կուաշի եղբայրներն ահաբեկչություններն իրականացնելու համար «Ալ Կաիդայից» 20 հազար դոլար են ստացել:
Ըստ ԱՄՆ հատուկ ծառայություններում ABC News-ի աղբյուրների տվյալի՝ 2011թ. Շերիֆ Կուաշին եղել է Եմենում, որտեղ էլ ստացել է ֆինանսավորումը: Չի բացառվում, որ Կուաշին անձամբ է հանդիպել «Ալ Կաիդայի» տեղի պարագլուխ իմամ Անվար ալ Ավլակիին: Ընդ որում՝ վերջին ամիսներին Կուաշի եղբայրների կապը տվյալ խմբավորման հետ հաստատող տվյալներ չկան: Սակայն հատուկ ծառայությունների գործակալները կարծում են, որ 20 հազար դոլար ստացած հանցագործները կարող էին գործել նաեւ առանց «Ալ Կաիդայի» հետագա ուղղակի աջակցության:
Ավելի վաղ պարզվել էր, որ Կալաշնիկով ինքնաձիգները, որոնցով զինված են եղել Կուաշի եղբայրները, Ամեդի Կուլիբալին գնել էր Բրյուսելի հարավային արվարձանում՝ շուրջ 5 հազար եվրոյով:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրները ներխուժել էին Փարիզ Chrarlie Hebdo շաբաթաթերթի խմբագրություն եւ կրակ բացել: Զոհվել էր խմբագրության 12 աշխատակից, այդ թվում՝ թերթի գլխավոր խմբագիրը եւ երկու ոստիկան:
Հունվարի 10-ին Եմենի «Ալ Կաիդայի» մասնաճյուղի անդամներից մեկը հայտարարել էր, որ իր կազմակերպությունն է ղեկավարել հարձակումը: Ըստ ահաբեկչի՝ հարձակման պատճաետ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումն է եղել:



























