Charlie Hebdo-ի նոր համարի եւ այդ պարբերականին բաժանորդագրվելու ակտիվացումը այդ խմբագրությանը ավելի քան 10 մլն եվրո եկամուտ է բերել: Այդ գումարի մեջ ներառվել են նաեւ տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից կատարված դրամական փոխանցումները, որոնք արվել էին երգիծաթերթի խմբագրության աշխատակիցների մեծ մասի կյանքը խլած ահաբեկչությունից հետո:

Նախկին 60 հազարի փոխարեն պարբերականը նախ տպվել է 1 միլիոն տպաքանակով, այնուհետեւ տպաքանակը հասցվել է երեք միլիոնի, ավելի ուշ՝ ֆրանսիական մամուլի համար ռեկորդային հինգ միլիոնի:  Ներգրավվել էին երեք խոշոր տպագրատներ:

Առաջին օրվա վաճառքից Charlie Hebdo-ն շուրջ 8 մլն եվրո է ստացել: Այլ լրատվամիջոցների եւ տպագրատների համերաշխության շնորհիվ շաբաթաթերթը  ստանում է առաջին միլիոն օրինակներից ստացված եկամտի 100 տոկոսը, որը շուրջ 3 միլիոն եվրո է:

Նույն օրերին կտրուկ աճել է նաեւ Charlie Hebdo -ին բաժանորդագրվողների թիվը՝ 7 հազարից 120 հազար:

Ընդ որում՝ չնայած անարխիստական ուղղվածությանը, շաբաթաթերթին բաժանորդագրված են քաղաքային շատ գրադարաններ, պետկառույցներ եւ մասնավոր խոշոր կորպորացիաներ: Air France-ն ուղեւորների համար ձեռք է բերել նոր համարի մոտ 20 հազար օրինակ, որը կրոնական թեմաներով ծաղրանկարներ է պարունակում:

Նախկինում Charlie Hebdo-ին հաջողվում էր վաճառել 28 հազարից ոչ ավելի, ինչը խմբագրությանը ֆինանսական կրախի շեմին էր հասցրել: