ԱՄՆ-ի պետական բարձրաստիճան անձանց պաշտպանությամբ զբաղվող գաղտնի ծառայությունը կլքեն միանգամից հինգ փոխտնօրեններ: Այդ գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Ջոզեֆ Քլենսին հայտնել է, որ նրանցից չորսը հեռացվել են վերջին աղմկոտ սկանդալներից հետո, հինգերորդը հրաժարական է տվել:

The Washington Post-ի փոխանցմամբ, ղեկավար կազմում ներկայիս փոփոխությունները ամենալուրջն են նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնը լքել էր Ջուլիա Փիրսոնը:

Նրա հրաժարականը աշխատանքում ունեցած մի քանի թերացումների հետեւանք էր, որոնցից ամենակոպիտը նախորդ տարվա սեպտեմբերին զինվորական վետերան Օմար Գոնսալեսի Սպիտակ տուն ներխուժելն էր, որը թռել էր նախագահական նստավայրի ցանկապատից:

Պաշտոնանկ են արվել պաշտոնյաների պաշտպանության, հետաքննությունների վարման, տեխնիկական միջոցների օգտագործման եւ հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու փոխտնօրենները: Կամավոր հրաժարական տված փոխտնօրենը ղեկավարում էր աշխատակիցների մասնագիտական նախապատրաստումների ոլորտը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վերջին տարիներին Գաղտնի ծառայությունը քանիցս աղմկոտ սկանդալների կիզակետում էր հայտնվել: Միջադեպերից մի քանիսը կապված էին գերատեսչության աշխատակիցների անթույլատրելի վարքի հետ, որոնք գործուղումների ժամանակ չարաշահել էին ալկոհոլը եւ մարմնավաճառների ծառայությունից օգտվել: