Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում, որտեղ առավոտյան հրդեհից երկու մարդ է մահացել, այժմ աշխատում են իրավապահ համակարգի ներկայացուցիչները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրի ծերերի տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը նշեց, որ մահացողները իրենց մոտ խնամվող, սենյակակից երկու կին են: «Փոքր պլիտաներ կան, որոնց վրա սուրճ կամ թեյ են եփում, դրանից է եղել, մեր աշխատակիցը ծխի հոտ է առել, ներս է մտել, տեսել է՝ ուգարից խեղդված են, կանչել է բուժքրոջը»,-ասաց տնօրենը:
Թե ինչն է եղել պատճառը, տնօրենն ասաց, որ առայժմ չգիտեն, դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ներսես Մարգարյանը նշեց, որ Գյումրիում հունվարի 12-ին կատարված ահասարսուռ սպանությունից հետո այդ կանանցից մեկը շատ էր վախեցել, կանչել էր տնօրենին, ասել, թե վախենում է, որ այդ ռուս զինվորականը կգա եւ իրեն էլ կսպանի, վերջինս էլ իրեն հանգստացրել էր: Այնուհետեւ հոգեբույժ էին կանչել, զրուցել էին կնոջ հետ, դեղեր նշանակել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 07.07-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երեւանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել եւ մահացել են 62-ամյա Ա. Օ.-ն (աջ բազկի հատվածում այրվածքներ է ունեցել) եւ 81-ամյա Հ. Ա.-ն:




























