Հայաստանը շահագրգռված է թե Լիտվայի, թե Եվրամիության այլ երկրների հետ քաղաքական երկխոսության շարունակականության հարցում: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչպես նաեւ՝ խորհրդարանական կապերի զար•ացմանն առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասն իր եւ Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից խորին ցավակցություն է հայտնել օրերս Գյումրիում տեղի ունեցած եւ անմեղ մարդկային կյանքեր խլած սահմռկեցուցիչ ողբերգության կապակցությամբ:

Իր հերթին արդյունավետ գնահատելով հայ-լիտվական նախորդ տարվա փոխգործակցությունն ու ձեռքբերումները՝ դեսպան Պետրիկասը վստահություն է հայտնել, որ ընթացիկ տարում հարաբերություններն առավել արգասաբեր եւ առարկայական կլինեն: Դեսպանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավարի՝ Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: