Ստրասբուրգի դատարանը անընդունելի է համարել Ստալինի թոռան հայցը ընդդեմ Ռուսաստանի՝ մամուլում տպագրված հոդվածների առթիվ, որոնցում նշվել էր 1940թ. Կատինում լեհ ռազմագերիների գնդակահարության մասին, ասված է դատարանի հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ որոշումը դատարանում ընդունվել է միաձայն եւ վերջնական է:
Խոսքըը վերաբերում է Կատինում 1940 թ. լեհ ռազմագերիների գնդակահարության եւ այդ ողբերգական իրադարձություններում խորհրդային նախկին առաջնորդի ունեցած դերի մասին «Նովայա գազետայի» հրապարակած հոդվածներին: Իոսիֆ Ստալինի թոռ Եվգենի Ջուղաշվիլին թերթի դեմ հայց էր ներկայացրել պատվի եւ արժանապատվության պաշտպանության մասին, որը մերժվել է:
Ընդունված որոշման մեջ «դատարանը մասնավորապես որոշել է, որ «Նովայա գազետայի» հրապարակած հոդվածներում խոսվել է պատմական առանձնակի նշանակություն ունեցող իրադարձությունների մասին, եւ որ բուն իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց մասնակից անձինք, որոնցից է հայցորդի պապը, անխուսափելիորեն հասարակության ուշադրության կենտրոնում են եւ ենթակա քննադատության»:
«Եվրադատարանը նաեւ սահմանել է, որ ռուսաստանյան դատարանները, հիմնվելով նախադեպերի փորձի վրա, մանրազնին կշռադատել են լրագրողական գործունեության ազատությանը հակասող շահերը մի կողմից, հայցորդի եւ իր պապի անձնական կյանքի պաշտպանության իրավունքները՝ մյուս կողմից», - ասվում է փաստաթղթում:



























