Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Քլարք Փրայսը Twitter-իր միկրոբլոգում անդրադարձել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգությանը:
«Իմ մտքերն այսօր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ են, որտեղ նրանք հուղարկավորում են իրենց հարազատներին»,-գրել է Փրայսը:
Ավելի վաղ Երեւանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը իր ցավակցություն էր հայտնել Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին:
«Այսօր, երբ Գյումրիում հողին են հանձնում Ավետիսյանների աճյունները, ԱՄՆ դեսպանության աշխատակազմը իր խորին ցավակցությունն է հղում Ավետիսյանների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ մտերիմներին»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:



























