«Թուրքական հոսքի» աշխատանքի մեկնարկի ժամկետները շատ չեն տարբերվի «Հարավային հոսքի» համար նախկինում նախատեսված ժամկետներից։ Այս մասին «Կոմերսանտ FM»-ի հետ զրույցում հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։
Նա նաւ նշել է, որ «Թուրքական հոսքը» մի փոքր ավելի շատ ժամանակ կպահանջի, քան «Հարավային հոսքը», որը նախատեսում էին ավարտել մինչեւ 2017թ.։
«Գազպրոմի» ներկայացուցիչը նշել է, որ «Թուրքական հոսք» անվանումը դեռ հաստատված չէ, սակայն «թուրքական կողմը կցանկանար այն այդպես անվանել»։ Թուրքիայով 63 մլրդ խմ ծավալով գազ են առաքելու, որը նախապես ծրագրվել էր ուղարկել «Հարավային հոսքով»։
2014թ. դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մոսկվան «Հարավային հոսքի» մասով Եվրահանձնաժողովի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով կփոխի իր էներգառեսուրսների մատակարարումների ուղղությունները։ Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրականացումը։

























