Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյա տարելիցը ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի, քանի որ այդ մարտը աշխարհին քիչ հայտնի է, իսկ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը ամբողջ մարդկության համար պայքարի թիրախ է: Այդ մասին NEWS.am թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Թուրքիայի նման ցինիկ գործողություններին եւ քայլերին պատասխանելու կարիք չունի: «Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու մտադրությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղելու եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակելու նպատակ է հետապնդում», - ընդգծել է Արտակ Զաքարյանը: Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում Թուրքիան հակասական դեր է խաղացել եւ նրա գործողությունները միանշանակ չեն եղել: «Երկրորդ հերթին, Չանաքքալեի մարտերը սկսվել են 1915թ. մարտի 18-ին եւ շարունակվել են մինչեւ 1916թ. հունվար: Այդ օրը ապրիլի 24-ին նշելու մտադրությամբ թուրքերը, բնականաբար, կփորձեն խոչընդոտել  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի անցկացմանն ուղղված մի շարք միջոցառումներին», - ասել է Զաքարյանը: Սակայն պատգամավորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվի, քանի որ Չանաքքալեի մարտը աշխարհին քիչ հայտնի է: «Իսկ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, եւ դա այն հանցագործությունն է, որ ողջ մարդկության համար պայքարի թիրախ է հանդիսանում», - եզրափակել է Արտակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։