Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նշել է.

«Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կարեւոր գործընկերներից է, եւ մեր հարաբերությունները ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ Եվրոպական միության անդամ պետությունների հետ շարունակական զարգացում են ապրում: Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպական միության հետ հարաբերությունների ներկա մակարդակի պահպանումը եւ պատրաստակամ է շարունակել համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում եւ ուղղություններով:

Մենք ցանկանում ենք պահպանել Եվրոպական միության հետ հարաբերություններում ձեռք բերված դինամիկան: Դա սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար թե՛ քաղաքական ինստիտուտների եւ պետական կառավարման մարմինների կատարելագործման, եւ թե՛ տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման առումով:

Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային եւ տեխնիկական աջակցությունը Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության առանցքային բաղադրիչներից է: Այսօր գոհունակությամբ արձանագրում ենք, որ Եվրոպական միության աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում զգալի բարեփոխումներ են իրականացվել տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում` առեւտրի կանոնակարգերի, սննդամթերքի անվտանգության, մտավոր սեփականության, ինչպես նաեւ արդարադատության, միջին մասնագիտական կրթության, պետական ֆինանսների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում:

Անցած տարեվերջին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքվեց տարբեր ոլորտների աջակցության վերաբերյալ 8 համաձայնագիր: Ներկայում իրականացման փուլում են գտնվում Եվրոպական միության աջակցության շրջանակում նախկինում ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերը, որոնք վերաբերում են կրթությանը, արդարադատությանը, պետական ֆինանսների կառավարմանն ու տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Մենք նաեւ ակնկալում ենք առաջիկայում էլ ավելի ընդլայնել այս գործիքի կողմից ֆինանսավորվող ոլորտներն ու ուղղությունները:

Համոզված եմ, որ այսօր մեկնարկող գործընթացը կնպաստի ինչպես մեր երկրի տնտեսության մի շարք կարեւոր ոլորտների բարեփոխումների խթանմանը, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա ամրապնդմանը: Իմ գլխավորած կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ԵՄ հարաբերությունները բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրեն»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է. «Եվրոպական միությունն ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական եւ քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը եւ ներքին ամուր աջակցությունն անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»: Նա հավելել է, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է: Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության հիմնական ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչեւ տարածքային զարգացում, աջակցելու միգրացիային եւ սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երեւանի մետրոյի վերակառուցմանը եւ միջուկային անվտանգությանը:

Տրայան Հրիսթեան նշել է, որ երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը եւ գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ եւ կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին եւ կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն եւ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաեւ կաջակցի սահմանների կառավարմանը եւ միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Շարժունակության գործընկերության եւ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակում:

Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) եւ կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման եւ բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարեւոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երեւանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երեւանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության եւ անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երեւանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները:

ԵՄ-ն կաջակցի նաեւ միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի եւ Եվրոպական միության՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հանձնառությունը: