Մարսելում սպանված հայ աշակերտ Միքայել Ասատրյանի գործով հետախուզվող երկրորդ կասյածյալը հանձնվել է ոստիկանությանը: Այդ մասին հաղորդում է «20 Minutes» ֆրանսիական կայքը:

Կասկածյալը 18 տարեկան է, սակայն նա արդեն 14 դատվածություն ունի: Նա կասկածվում է աշակերտին սառը զենքով՝փոխագուցավոր մահակով վիրավորելու համար: Հետաքննությունը շարունակվում է:

«La Provence» պարբերականը գրում է, որ կասկածյալի անունը Ռեդա է, նախքան ոստիկանությանը հանձնվելը, նա այդ մասին գրել է  «Facebook»-ում. «Ինձ շատ են ասում. դու տաղանդ չունես: Մինչեւ խոսելը պետք է 7 անգամ մտածել»: Այսպիսով, նա հասկացրել է, որ Միքայելին սպանելով, որոշ մարդկանց ցույց է տալիս իր «տաղանդը»: Այնուհետեւ նա ասել է, որ «կկարոտի իր եղբայրներին», սակայն «մի օր դուրս կգա»՝ ակնարկելով, որ հանձնվելու է ոստիկանությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 12-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Լիցեյում ուսանող հայ տղան վիճել է դպրոցականների հետ: Նրան դանակահարել են այն աղջկա եղբայրները, ում հետ նախկինում նա վիճել էր: Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսելի 11-րդ թաղամասում ձերբակալել է 17-ամյա մի երիտասարդի: Նրան մեղադրում են Ասատրյանի սպանության մեջ: