Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հունվարի 15-ին Բրյուսել այցի ժամանակ ԵՄ առաջնորդների հետ էներգետիկայի թեման չի քննարկել: Այս մասին Բելգիայի մայրաքաղաքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
«Էներգետիկայի թեման երեկ չի քննարկվել», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով Բրյուսելում է գտնվել, որտեղ բանակցել է ԵՄ առաջնորդների հետ: Այսպես, Դավութօղլուն հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Թուրքիայի վարչապետի այցի պաշտոնական թեման Անկարայի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների քննարկումն էր եղել:
Ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեւչովիչը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է քննարկել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի առաջարկը Թուրքիայով 50-60 մլրդ խմ ռուսական գազ գնելու վերաբերյալ: «Պրն Միլլերն ինձ տեղեկացրել է Ուկրաինայի փոխարեն Թուրքիայով ամբողջական ծավալով գազ մատակարարելու որոշման մասին: Անկեղծ ասած, ես խիստ զարմացած էի այդ առաջարկից, քանի որ եկել եմ քննարկելու այն հնարավորությունները, թե ինչ կարող ենք մենք անել հարավարեւելյան Եվրոպայի էներգաանվտանգության համար՝ «Հարավային հոսքի» իրականացումից հրաժարվելուց հետո: Եվրոպական երկրների կողմից Թուրքիայով 50-60 մլրդ խմ գազ գնելու վերաբերյալ Միլլերի առաջարկը հազիվ թե աշխատի, սակայն մենք պետք է վերադառնանք դրան եւ քննարկենք», - պարզաբանել է նա:



























