Նիգերիայի հյուսիսի Գոմբե քաղաքի բազմամարդ շուկայում մահապարտ-ահաբեկիչը ինքնապայթեցում է իրականացրել։ Հինգ մարդ զոհվել է՝ չհաշված մահապարտին, առնվազն 11 մարդ վիրավորվել է։ Այս մասին AFP-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործողությունների ազգային գործակալության ղեկավար Սայիդ Ահմեդ Մինինը։
Ըստ ականատեսների՝ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել մի քանի կմ հեռավորությունից:
Երկրի տարածքում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Տարածաշրջանում կատարվող ահաբեկչությունների մեծամասնության հետեւում կանգնած են «Բոքո Հարամ» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության գրոհայինները:
Խմբավորման անդամները դեմ են արեւմտյան կրթական մոդելին եւ ձգտում են հասնել շարիաթի օրենքների հաստատմանը: Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը դեռեւս մեկ տարի առաջ հայտարարել էր մի շարք նահանգներում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ահաբեկչությունների եւ գրոհայինների հարձակումների հետ կապված:



























