Մտահոգիչ է, որ Հայաստանի քաղաքական ուժերը ժամանակին չարձագանքեցին Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած դաժան սպանությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ միայն «Ժառանգությունն» է օպերատիվ արձագանքել կատարվածին, տվել իր գնահատականը եւ ներկայացրել իր պահանջները, իսկ մյուսների դեպքում անհասկանալի լռություն է, բացակայություն թատերաբեմից, փախուստ սեփական առաքելությունից:

«Պարտադիր չէր, որ այս դեպքը լիներ, հետո հասկանայինք, որ մեր քաղաքական ուժերն անհաղորդ են երկրի հիմնական իրադարձություններին: Նույն ուժերը ժամանակին իրենց օրակարգ չվերցրին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության հարցը, նրանք հնազանդ եւ անձայն անցկացրին մեզ համար վտանգաշատ ժամանակաշրջանները»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ ազգային անվտանգության հարց է նույնիսկ քաղաքական ուժերի լռությունը: Եթե իշխող կուսակցության լռությունը Ստեփան Սաֆարյանի համար ինչ-որ ձեւով հասկանալի է, ապա ընդդիմության այս պահվածքն անըմբռնելի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: