ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 12000 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի վերոնշյալ խախտումներից, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Ջրաբերդ/ եւ արեւելյան /Ակնա/ ուղղություններով ադրբեջանական հատուկ  նշանակության ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, իսկ վերջիններս կորուստներ կրելով, հետ են շպրտվել ելման դիրքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ պատրաստ են համարժեք հարված հասցնել հակառակորդի սադրիչ գործողություններին: