Հայ ազգային կոնգրես խմբակցությունում չի քննարկվել հունվարի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին մասնակցելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա շեշտեց, որ որեւէ խնդիր չի տեսնում խորհրդաժողովին չմասնակցելու մեջ, իրենք շարունակում են համագործակցել ԲՀԿ-ի հետ թե երկկողմ, թե եռյակի ձեւաչափում:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քանի որ ՕԵԿ-ը մասնակցելու հրավեր չի ստացել, ուստի իրենց մասնակցության հարցը չի քննարկվել:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ծառուկյանի խորհրդաժողովին չմասնակցելու երեք պատճառ նշեց: «Եթե խորհրդաժողովը վերաբերում է երկրի վիճակին եւ փոփոխությունների անհրաժեշտությանը, մենք հրապարակել ենք մեր մոտեցումները, որ դրանք պատկերացնում ենք սահմանադրական բարեփոխումների հենքի վրա: Երկրորդ պատճառն այն է, որ մենք ամսի 16-ից ընդհանուր ժողովի մեջ ենք, տեխնիկապես չենք կարող մասնակցել եւ երրորդ՝ պաշտոնական հրավեր չենք ստացել, բայց ի սկզբանե էլ հայտարարել էինք, որ չենք մասնակցելու»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին մասնակցելու են քաղաքական, հասարակական ուժեր, նախաձեռնություններ, անհատներ:

ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի ոչ իշխանական ուժեր են մասնակցելու, մոտ 70 հասարակական կազմակերպություն, բազմաթիվ վերլուծաբաններ, տնտեսագետներ, քաղաքագետներ: Այսպես, ոչ իշխանական ուժերից Ծառուկյանի խորհրդաժողովին մասնակցելու է «Ժառանգությունը», «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը», «Համերաշխությունը», «Ազգային անվտանգությունը», «Ժողովրդական կուսակցությունը» եւ այլն:  Խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից չեն մասնակցելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը: Թե ինչպես է կազմակերպվել քաղաքական ուժերի մասնակցության հարցը, Իվետա Տոնոյանն ասաց, որ գործում էր կազմկոմիտե, որը զբաղվում էր կազմակերպչական աշխատանքներով, համակարգում էր մասնակցելու ցանկություն հայտնած ուժերի հարցը, գործել է 2 տարբերակն էլ՝ թե ԲՀԿ-ն է հրավիրել, թե ուժերն են ցանկություն հայտնել: