Ի հակառակ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ քաղաքական համագործակցութունը վերածնելու ապարդյուն փորձերին` ռազմական ոլորտում համագործակցությունը շարունակվում է, բայց առանց առանձնակի աղմուկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ավագ գիտաշխատող, թուրքագետ Նադեին-Ռաեւսկին:

Ըստ նրա՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ավելի բարեկամական քաղաքական հարաբերություններ վերածնելու փորձերը բախվում են թուրքական  ամբիցիաներին:  «Չպետք է մոռանալ, որ Թուրքիան իրեն  ավելի շատ ներկայացնում է որպես իսլամական պետություն, որպես իսմալական աշխարհի առաջնորդ», -  նշել է Վիկտոր Նադեին-Ռաեւսկին: Հարաբերությունների բարելավման փորձեր եղել են, շարունակել է թուրքագետը, սակայն այդ բարելավումը տեղի չի ունեցել, քանի որ այն Թուրքիայի՝ մահմեդական պետության եւ իսլամական աշխարհի առաջնորդի կերպարի պահպանման շահերից չի բխում: « Իսկ այդ կերպարից Թուրքիան եւ Էրդողանն, իհարկե, չեն կարող հրաժարվել: Ի դեպ, նույն կերպ է աշխատում նաեւ Դավութօղլուն», - ասաց Նադեին-Ռաեւսկին:

Խոսելով Թուրքիայի եւ Իսրայելի ռազմական համագործակցության մասին՝ թուրքագետն ընդգծել է. «Բանն այն է, որ, ինչպես ասել է Էրդողանը,  դա Թուրքիայի կառավարության համագործակցությունը չէ Իսրայելի կառավարության հետ, այլ թուրքական ընկերությունների համագործակցությունը Իսրայելի ընկերությունների հետ»:

Հիշեցնենք, վերջերս թուրքական եւ իսրայելյան պաշտոնատար անձինք «հաճոյախոսություններով» են փոխանակվել: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր թուրք գործընկեր Բինյամին Նեթանյահուին մեղադրել էր «մարդկության դեմ հանցագործությունների մեջ», որոնք համեմատելի են իսլամիստ գրոհայինների կողմից Փարիզում կատարված ահաբեկչությունների հետ: Ըստ նրա` Իսրայելի կառավարությունը պետք է հետ կանգնի իր ագրեսիվ եւ ռասիստական քաղաքականությունից, այլ ոչ թե հակասեմականության դեմ պայքարի պատճառաբանությամբ  գրոհներ իրականացնի:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արեւմուտքին եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին մեղադրել է կեղծավորության մեջ՝ Փարիզում Charlie Hebdo-ի վրա հարձակման  հարցում: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն էլ իր հերթին դեսպանների հետ հանդիպման ժամանակ  նախագահ Էրդողանին անվանել է «խուլիգան եւ հակասեմական»: