Վաշինգտոնի Կապիտոլիական բլրի վրա Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառման ժամանակ ներկայացվել են Մերձավոր Արեւելքի աջակցության Ամերիկյան կոմիտեի աննախադեպ ջանքերը, որը 1915-1930 թվականներին փրկել եւ օգնել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուր հազարավոր մարդկանց: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Ջիմ Կոստան, ինչպես նաեւ Կոնգրեսի զույգ պալատների աշխատակիցներ: Կայացել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան մասնաճյուղի նախաձեռնության անդամ Մորիս Քելեշյանի ինքնատիպ շնորհանդեսը՝ «Ամերիկա, երախտապարտ ենք քեզ. հայերի տուրքը Մերձավոր Արեւելքի աջակցության Կոմիտեին» խորագրով: Նա տասնյակ տարիներ ուսումնասիրել է ամբողջ աշխարհի արխիվները, որպեսզի վավերագրի մարդասիրական օգնությանն ուղղված ԱՄՆ-ի աննախադեպ ջանքերը:

Քելեշյանը մանրամասն ներկայացրել է ԱՄՆ կառավարության, կրոնական եւ քաղաքացիական կազմակերպությունների, բոլոր 48 նահանգներից անհատ անձանց մասնակցությունն աշխատանքում, որն ուղղված է եղել Մերձավոր Արեւելքի աջակցության Կոմիտեին տրամադրած օգնությանը: Այս կազմակերպությունը դրամական միջոցներ է հավաքել՝ այսօրվա ավելի քան 2.7 մլրդ դոլարին համարժեք, որպեսզի Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում եւ դրանից հետո փրկի հայերին, ասորիներին, հույներին եւ Մերձավոր Արեւելքի այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

«1915 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսը Մերձավոր Արեւելքի աջակցության կազմակերպություն ստեղծեց, Ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հայերի, այլեւ ամերիկյան պատմության մասը: Ես հետագայում էլ աշխատելու եմ Կոնգրեսի իմ գործընկերների հետ՝ Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչման հասնելու համար»,- ասել է Ջիմ Կոստան, որի գրասենյակն աջակցել է միջոցառման կազմակերպմանը:

«Պարզապես ապշեցուցիչ է, թե այս երկրում կամ որեւէ այլ տեղ որքան քիչ մարդ գիտի այս կազմակերպության եւ նրա պատմության մասին: Ահա թե ինչու եմ կարծում, որ «Ամերիկա, երախտապարտ ենք քեզ» այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, քանի որ հրաշալի միջոց է՝ Հայոց ցեղասպանության մասին հանրությանը տղեկացնել օգնություն ցուցաբերելու ամերիկյան ջանքերի պրիզմայով»,- նշել է Ադամ Շիֆը:

«Փաստ է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նախկինում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առաջատարի դիրքերում էր: Այդ պատճառով կարեւոր է այդ պատմության մասին խոսել այդ ժամանակաշրջանի համատեքստում, երբ մեր արտաքին քաղաքականությունն ու քաղաքականությունն ընդհանրապես ավելի մեծ չափով էին ուղղված նրան, ինչն ավելի ճիշտ էր, ավելի արդարացի էր, ավելի մարդասիրական էր»,- հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: