Հայաստանը պետք է օգտվի Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների վատթարացումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
«Շատ է խոսվում Ադրբեջանի եւ Իսրայելի համագործակցության մասին, ինչու մենք էլ չզարգացնենք մեր հարաբերություններն Իսրայելի հետ»,-ասել է քաղաքագետը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները վատտթարացել էին դեռեւս 4 տարի առաջ: «Այդ երկրների միջեւ լուրջ աշխարհաքաղաքական խնդիրներ կան: Հին սերտ հարաբերությունները Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ արդեն վաղուց չկան, հակառակը, կա այդ հարաբերությունների հետագա վատթարացման միտում»,-նշել է Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվեցին հատկապես երկուստեք վիրավորական հայտարարություններից հետո: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արեւմուտքին եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել երկերեսանիության մեջ՝ Փարիզում Charlie Hebdo-ի դեմ հարձակման հարցում: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանն, իր հերթին, դեսպանների հետ հանդիպման ժամանակ Էրդողանին անվանեց «խուլիգան ու հակասեմական»:




























