Արարատյան դաշտում ֆիլոքսերայի նոր օջախներ են հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մթերային անվտանգության հարցերի պետական ծառայության ֆիտոսանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը նշեց, որ 2014 թվականի դիտարկման արդյունքներով՝ հիվանդության օջախներ են հայտնաբերվել Արմավիրի մարզի 5 գյուղերում: Նա հիշեցրեց, որ ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի միջոց աշխարհում գոյություն չունի. վարակված խաղողի այգիները ենթական են ոչնչացման, հակառակ դեպքում, հիվանդությունը կտարածվի ամբողջ շրջանում:
Դիտարկման արդյունքների համաձայն, 2014 թվականին, ընդհանուր առմամբ, 11.07 հա է վարակված եղել Նորապատ, Նորակերտ, Այգեկ, Աղավնատուն եւ Արեւադաշտ գյուղերում, այսինքն՝ Էջմիածնի, Արմավիրի եւ Բաղրամյանի շրջաններում: Վերջինում վարակվել է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տյերաս դե Արմենիա» ընկերության 1.83 հա հողատարածքը: Ժամանակին նա ֆիլոքսերակայուն տեսակներ է ներմուծել շրջան, սակայն օրենքով հենց այդպիսիք Արարատյան դաշտում տնկել չի կարելի. այդ գոտին ազատ է ֆիլոքսերայից եւ կարող է հեշտությամբ վարակվել: Այդ պատճառով, «Խաղողի հումքից ալկոհոլային խմիչքների պատրաստման մասին» օրենքը թույլ չի տալիս այնտեղ այդ խաղողի այգիներ տնկել:
Խաղողի ֆիլոքսերակայուն տեսակն իր վրա ֆիլոքսերայի օրգանիզմ է կրում: Դրանք հիվանդությունից չեն տուժում, սակայն կարող են վարակել հարեւաններին: Այն մի հողատարածքից մյուսը կարող է փոխանցվել գյուղտեխնիկայի եւ նույնիսկ կոշիկի միջոցով: «Այսինքն, մի այգուց մյուսն անցնելու դեպքում անգամ հնարավոր է կոշիկի միջոցով փոխանցել ֆիլոքսերան»,- ընդգծեց Նիկոյանը՝ հավելելով, որ այդ պատճառով հարկավոր է ոչնչացնել խաղողի այդ այգիները:
Գյուղատնտեսության նախարարությունը կազմել է ոչնչացման նախահաշիվը: Սահմանված կարգի համաձայն, կառավարությունը նաեւ այգետերերին 3 տարվա եկամտի փոխհատուցում է տրամադրում. հենց այդքան ժամանակ հողը պետք է հանգստանա, որպեսզի ֆիլոքսերան ամբողջությամբ անհետանա:




























