Նիդեռլանդները թագավորության հպատակների մահապատժի պատճառով հետ է կանչել Ինդոնեզիայում իր դեսպանին: Այս մասին շաբաթ երեկոյան հայտարարել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը:

Բացի այդ, Նիդեռլանդներում Ինդոնեզիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳ նախարարություն՝ փաստի առիթով բացատրություններ ստանալու նպատակով:

«Նիդեռլանդները սկզբունքորեն դեմ է մահապատժին եւ համապատասխան դատավճիռների ի կատար ածմանը: Դա դաժան եւ անմարդկային պատիժ է: Նիդեռլանդները շարունակելու է ջանքերը՝ ուղղված Ինդոնեզիայում եւ ամբողջ աշխարհում մահապատժի վերացմանը»,- ընդգծել է Հոլանդիայի ԱԳ նախարարը: 

Կունդերսի խոսքով, դատավճռի՝ ուժի մեջ մտնելը չեղյալ հայտարարելու համար ձեռնարկվել են հնարավոր բոլոր միջոցները: Նիդեռլանդների Վիլլեմ-Ալեքսանդեր թագավորն այդ հարցով զրուցել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ, ինդոնեզական իշխանություններին նամակ է ուղարկվել նաեւ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեի անունից: «Բայց այդ միջոցառումները, ցավոք, դրական արդյունքի չհանգեցրին»,- արձանագրել է ԱԳ նախարարը:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Նիդեռլանդների հպատակ Անգ Կեմ Սուին 2003 թվականին մահապատժի է դատապարտվել՝ Ինդոնեզիայում էքստազիի արտադրությանը մասնակցության համար: Նրա հետ միասին եւս չորս օտարերկրացիներ են դատապարտվել:

DutchNews-ի տվյալներով, ներկայում Ինդոնեզիայում սպասում են 130 մարդու մահապատժի ուժի մեջ մտնելուն, որոնցից 64-ը թմրանյութերի հետ կապված հանցագործություններ են: