Պաղեստինում մի քանի տասնյակ մարդ ձու եւ կոշիկներ է նետել բանակցությունների նպատակով երկիր ժամանակ Կանադայի ԱԳ նախարարի ավտոշարասյան ուղղությամբ: Այս մասին գրում է Associated Press-ը:

Գործակալության փոխանցմամբ, Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը կիրակի պետք է հանդիպի պաղեստինցի գործընկեր Ռիադ Մալքիի հետ:

Ցուցարարները նաեւ «Բերդ, Պաղեստինում չեն սպասում քեզ» գրությամբ պաստառներ են պարզել: Ավելի վաղ ակտիվիստները կոչ էին արել Կանադայի իսրայելամետ դիրքորոշման պատճառով բոյկոտել այդ երկրի ԱԳՆ ղեկավարին:

Ծրագրվում է, որ Բերդը տարածաշրջանում կմնա 5 օր եւ հանդիպումներ կունենա իսրայելական եւ պաղեստինյան պաշտոնատար անձանց հետ:

Պաղեստինցիները դժգոհ են, որ Կանադան մշտապես աջակցում է Իսրայելի ցանկացած գործողության եւ ՄԱԿ-ի բոլոր քվեարկություններում հանդես է գալիս նրա օգտին: