Գյումրիում հունվարի 12-ին դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 ամսական Սերյոժայի հիշատակին Ազատության հրապարակում 2 օր ընթացող մոմավառությունից հավաքված խաղալիքները այսօր՝ հունվարի 21-ին,  հանձնվեցին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Մարի Իզմիրլյան» մանկատանը: Խաղալիքները մանկատանը հանձնելու նախաձեռնությանն աջակցեց  Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատակիցները, մոմավառության նախաձեռնողները եւ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանների ուղեկցությամբ խաղալիքները տեղափոխեցին մանկատուն:

«Մենք խոսեցինք նախարարի եւ աշխատակազմի հետ եւ սիրով աջակցում ենք այս նախաձեռնության ավարտին: Ինչ հնարավոր էր, մենք արագ կազմակերպեցինք: Կոնկրետ որեւէ մանկատուն որպես այդպիսին առանձնացված չէր»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից  Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ այսօր Շիրակի գերեզմանատանը հողին հանձնվեց 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը հունվարի 19-ին 7-օրյա պայքարից հետո մահացավ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի սպանություն եւ դասալքություն հոդվածներով: Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: