Պաշտոնական տվյալների համաձայն, անցկալ տարվա դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 213.727 դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 18.700 դրամով կամ 9.3%-ով:

Սակայն շարքային աշխատավորի համար այդ ֆանտաստիկ աշխատավարձը զարգացած երկրների համար չնչին մեծություն է՝ 460 դոլարից պակաս: Բացի այդ, եթե հանենք եկամտահարկը, ապա կմնա 160 հազար դրամ (շուրջ 344 դոլար): Բայց շատերի մոտ հարց է ծագում. որտեղի՞ց հայտնվեց այդպիսի երազային աշխատավարձը:

Նույն պաշտոնական տվյալներից դատելով՝ աշխատավարձը կտրուկ աճել է պետական հատվածում. տարեկան կտրվածքով 20.800 դրամ կամ 12.3%-ով: Իսկ ահա մասնավոր հատվածում պատկերն այլ է: «Ագահ» կապիտալիստներն անձնակազմի աշխատավարձը բարձրացրել են «ընդամենը» 14.400 դրամով կամ 6.2%-ով: Բայց, չնայած այս տարբերություններին, մասնավոր հատվածում միջին աշխատավարձը 1.3 անգամով ավելին է, քան պետականում. դեկտեմբերի տվյալներով 246.900 դրամ՝ 189.900 դրամի դիմաց:

Դեկտեմբերին, ի տարբերություն օրացուցային տարվա այլ ամիսների, աշխատավարձը միշտ ավելին է՝ պարգեւավճարների եւ այլնի հաշվին: Օրինակ՝ 2013 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 195.100 դրամ, իսկ ահա հաջորդ ամիս՝ 2014-ի հունվարին, նվազել է մինչեւ 161.000 դրամի:

Անցյալ տարվա դեկտեմբերը նաեւ շատ այլ հարցեր է առաջացրել: Օրինակ՝ մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալները կրճատվել են 14.2%-ով: Ընդ որում, ընթացիկ գներում ապրանքներ վաճառքի ծավալները կրճատվել են հսկայական գումարով՝ ավելի քան 25 մլրդ դրամով:

Բյուջետային հետազոտությունների համաձայն՝ բնակչության եկամուտներում աշխատավարձը կեսից քիչ ավելի մասնաբաժին ունի. շուրջ 52%: Այդ պատճառով, 9.3% աշխատավարձի բարձրացման պարագայում դեկտեմբերին բնակչության ընդհանուր եկամուտը պետք է համեմատաբար բարձր լինել՝ 4.8%-ով: Դրա համար պարզ չէ, թե ինչպես կարելի է համադրել աշխատավարձերի նման «ռեկորդային» աճն ու առեւտրի ծավալների հսկայական անկումը: Նույնիսկ հաշվի առնելով արտաքին դրամական փոխանցումների հոսքի կրճատումը: