Սիրիայում եւ Իրաքում հսկայական տարածքներ գրաված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զանգվածային կերպով երեք տեսակի հանցագործություն են իրականացնում, որոնք Միջազգային իրավունքը դասում է ամենածանր  հանցագործությունների շարքը։ Դրանք են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունը եւ ռազմական հանցագործությունները։ Այս մասին ասված է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության հրապարակած զեկույցում։

Զեկուցում ասվում է, որ ԻՊ գրոհայինների կողմից ամեն օր իրականացվող «տիպիկ» հանցագործությունների թվում են սպանությունները, կտտանքները, բռնաբարություններն ու սեռական ստրկությունը, բռնի իսլամականացումը եւ երեխաներին զինվորագրելը։

Հատկապես ընդգծվում է, թե ինչպիսի հրեշավոր իրավիճակում է հայտնվել երկրի հյուսիսում բնակվող եզդի ազգային փոքրամասնությունը։ Փորձագետները պարզել են, որ էթնիկ եւ կրոնական հողի վրա նպատակային հարձակումները զանգվածային կերպով իրականացվել են տեղի քրիստոնյաների, շիաների, քրդերի, թուրքմենների եւ այլ խմբերի ու ազգությունների նկատմամբ։

Գերությունից փրկված եզդի կանայք եւ աղջիկները պատմում են, թե ինչպես են գրոհայինները բացահայտ նրանց ստրկության վաճառել եւ նույնիսկ «նվիրել» միմյանց։

8-15 տարեկան եզդի տղաները պատմում են,  որ նրանց ուժով խլել են մայրերից եւ տարել գրոհայինների ճամբարներ, որտեղ մահվան սպառնալիքի տակ հարկադրել են իսլամ ընդունել եւ ռազմակրոնական պատրաստվածություն անցնել։ Բացի այդ, նրանց պարտադրել են նայել տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են իսլամիստները գլխատում իրենց գերիներին։

Ազգային փոքրամասնություններին պատկանող դեռահաս տղաներին շուկաներում պարզապես վաճառում են կենդանիների նման՝ նրանց վզին կախված գնացուցակներով։

Զեկույցի հեղինակները կոչ են անում Իրաքի կառավարությանը իրենց հսկողության տակ առնել նրա տարածքում կռվող բոլոր զինված խմբավորումները։