Անակնկալ ստուգումների նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը ժամանել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումները բացազատվել են Տաջիկստանի Հանրապետության տարածքում` «Խարբմայդոն» զորավարժարանում, եւ արդեն կատարում են առաջադրված խնդիրները: Մասնակից պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ազգային զորախմբերի հրամանատարական կազմի հետ քննարկվել են գործողությունների մտահաղացման հարցերը, ճշտվել են ուսումնական մարտական խնդիրները:
Մայիսի 15-ին զորավարժարան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խմբի հետ Նիկոլայ Բորդյուժան շրջել է զորավարժարանում բացազատված վրանային ճամբարում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղային պայմաններին ու նրանց առաջադրված մարտական խնդիրներին: Բորդյուժան բարձր է գնահատել անակնկալ ստուգմանը մասնակցող ստորաբաժանումների պատրաստվածությունը, նշելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններ զորախմբերը ստուգումների պլանի համաձայն սահմանված ժամանակահատվածում վերախմբավորվել եւ տեղակայվել են Տաջիկստանի տարածքում:
Նմանաբնույթ վարժանքները սպառնալիքների առկայության եւ ռազմական գործողությունների իրականացման պարագայում արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջեւ ապահովում են փոխգործակցություն, համատեղ գործողությունների ներդաշնակում, ինչպես բարձրացնում են բազմազգ զորախմբավորման կառավարման արդյունավետությունը մարտական գործողությունների ընթացքում:
Անակնկալ ստուգման վարժանքին մասնակցում են ավելի քան 2500 զինծառայողներ, շուրջ 200 միավոր մարտական տեխնիկա, երկու տասնյակ միավոր մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:
.jpg)
.jpg)




























