Վրացի ոստիկանների կողմից ձերբակալված հայերին բռնության ենթարկելու գործը գտնվում է Վրաստանի դատախազությունում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

«Վաղը՝ օրվա երկրորդ կեսին մենք կհանդիպենք ձերբակալված հայերի ընտանիքների եւ ոստիկանների հետ։ Ապա կզրուցենք Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձանց հետ»,- նշել է նա։

Նշենք, որ ըստ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի, Վրաստանում ոստիկանները ոստիկանական տեղամասում բռնություն են կիրառել ձերբակալված 2 հայի նկատմամբ: Ձերբակալվածներից մեկին հաջողվել է կատարվածը նկարահանել իր ժամացույցին կցված տեսախցիկով:

Ոստիկանները հարձակվել են Ֆիլիպ Բաբայանի եւ Արթուր Հովհաննիսյանի վրա գիշերային ակումբում, որտեղ հայերից մեկը վիճել էր բարձրաստիճան մի ոստիկանական պաշտոնյայի  հետ: Մեկ ժամ շարունակ նրանց նկատմամբ բարոյական եւ ֆիզիկական խոշտանգումներ են իրականացվել:

Նրանք այս պահին ձերբակալված են եւ սպասում են դատին: Նրանց ընտանիքները պահանջում են պարզել ոստիկանների ինքնությունը եւ պատժել նրանց: