Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը նոր հնարավորություններ կբացի Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորման համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
«ԱՄՆ-ի և Եվրոպայի սերտ համագործակցության շնորհիվ կարող է նոր հնարավորություն ընձեռվել՝ հակամարտությունների կարգավորման նոր նախաձեռնություն սկսելու համար»,- չորեքշաբթի հայտարարել է նախարարը։
Վադեֆուլի կարծիքով՝ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն ստանալով՝ Դեմոկրատական կուսակցությունը, հավանաբար, կփորձի փոխել Միացյալ Նահանգների քաղաքական կուրսը։ Նա միաժամանակ զգուշավոր լավատեսություն է հայտնել Ուկրաինային ամերիկյան օգնության հեռանկարների վերաբերյալ, որի ծավալները կրճատվել են նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Գերմանիայի արտգործնախարարի կարծիքով՝ Կիևին աջակցելու հարցը երկու կուսակցությունների օրենսդիրներն ավելի ակտիվ կքննարկեն։
Վադեֆուլը նշել է, որ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա, ըստ երևույթին, ազդել են նաև Թրամփի մաքսատուրքային քաղաքականությունը և Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունը, քանի որ դրանք նպաստել են կյանքի թանկացմանը։
Եվրամիությունից ներմուծվող ապրանքների և ավտոմեքենաների նկատմամբ ամերիկյան մաքսատուրքերի հետևանքները հատկապես ուժեղ են ազդել Գերմանիայի՝ ԵՄ խոշորագույն տնտեսության վրա։ Իրավիճակի վրա ազդել է նաև Մերձավոր Արևելքում պատերազմի պայմաններում էներգակիրների գների աճը։
Նախարարն ընդգծել է, որ քաղաքական բևեռացման, պոպուլիզմի և միջազգային նորմերի թուլացման հետնապատկերին անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական կենտրոնի դիրքերը։ Նրա գնահատմամբ՝ հայրենասիրությունը նշանակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները ավտորիտարիզմի և բռնապետության կողմնակիցներից, դրանց թվում՝ Գերմանիայի խորհրդարանում։





























