Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իսլամական Հանրապետության դեմ նոր ագրեսիան կհանգեցնի պարտության, և ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել դասեր քաղել նախկին սխալ հաշվարկներից։ Դրա մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ նոյեմբերի 4-ի՝ Իրանում նշվող Համաշխարհային ամբարտավանության դեմ պայքարի օրվա առթիվ։
Բաղայիի գնահատմամբ՝ «Վաշինգտոնի ամբարտավանությունը և Իրանի ժողովրդի տոկունության թերագնահատումը հանգեցրել են Իրանի դեմ ամերիկյան արշավի ձախողմանը»։
Դիվանագետը նախազգուշացրել է, որ նախկին ուղեգծի շարունակումը կարող է արդեն տեղի ունեցածի շրջանակից դուրս եկող հետևանքներ առաջացնել։
«Գոռոզությունը նախորդում է անկմանը։ Առաջնորդվելով ագահությամբ ու ամբարտավանությամբ և գործելով ստախոս վարչակարգի շահերից՝ դուք ձեր երկիրը ներքաշեցիք Իրանի դեմ անօրինական ու դաժան պատերազմի մեջ։ Ձեր հաշվարկները ձախողվեցին, ձեր ենթադրությունները փլուզվեցին, իսկ ռազմավարական սխալ հաշվարկներն ակնհայտ դարձան, և այդ ամենը՝ այն պատճառով, որ դուք հիմնովին սխալ եք ընկալել Իրանը և, որ ավելի կարևոր է, Իրանի ժողովրդի տոկունությունը, վճռականությունն ու ազգային հպարտությունը»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հայտարարել է նաև, որ ամերիկյան ժողովուրդն արդեն հստակ ազդակ է հղել իշխանություններին, և նրանց կոչ է արել չանտեսել իրականությունն ու պատմության դասերը։
«Իրանի վրա հարձակումը հաղթանակ չի բերում։ Այն հանգեցնում է միայն պարտության»,- ընդգծել է Բաղային՝ հավելելով, որ Իրանին հնարավոր չէ վախեցնել սպառնալիքներով կամ ծնկի բերել ռազմական ագրեսիայով։





























