Նիդեռլանդները երկրի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Կլաաս Կնոտին առաջադրել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահի պաշտոնում։ Առաջարկի մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, Հաագայում խորհրդարանի առջև ելույթ ունենալիս հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Էլկո Հայնենը, հաղորդում է dpa-ն։
Պաշտոնը կարող է թափուր դառնալ փետրվարի սկզբին․ Եվրոպական կենտրոնական բանկի գործող ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է վաղաժամկետ հրաժարական տալու մտադրության մասին։
Կնոտը 59 տարեկան է։ Նա Նիդեռլանդների կենտրոնական բանկը ղեկավարել է 2011-2025 թվականներին։ Դոկտորի գիտական աստիճան ունեցող տնտեսագետը համարվում է Լագարդին փոխարինելու հիմնական հավակնորդներից մեկը։
Հնարավոր թեկնածուների թվում նշվում է նաև իսպանացի Պաբլո Էռնանդես դե Կոսը։ Բունդեսբանկի նախագահ Յոախիմ Նագելը նախկինում ևս հետաքրքրություն էր հայտնել Եվրոպական կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնի նկատմամբ, սակայն նրա հնարավորությունները ցածր են գնահատվում։
Եվրագոտու երկրները պետք է մինչև ուրբաթ պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Հարցի քննարկումը նախատեսված է հաջորդ շաբաթ։





























