ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 8-ին կայացած Կառավարության նիստում դեմ է արտահայտվել ճապոնական դրամաշնորհով հողագործների վարձակալությանը հանձնված 28 տրակտորները աճուրդի հանելու առաջարկին։
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ նախագծով 15 տարի առաջ գյուղական համայնքներին 10 տարի վարձակալության ժամկետով տրակտորներ են հանձնվել, որոնք հիմա պետք է աճուրդի հանվեն։ Նախարարի խոսքով՝ գյուղացիներին առաջարկել են գնել այդ տրակտորները ամեն մեկի դիմաց վճարելով 400 հազար դրամ, իսկ եթե ոչ, ապա դրանք պետք է վաճառքի հանվեն։ «Առաջարկում եմ այս հարցը քննարկել ֆինանսների նախարարության հետ։ Ճիշտ կլինի այդ տրակտորները նվիրել հողագործներին եւ փակել թեման։ 15 տարի դրանք օգտագործել են, իսկ հիմա պիտի վաճառքի հանվեն։ Ի՞նչ է դա նշանակում։ Քննարկե՛ք այդ հարցը բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եւ մենք որոշում կկայացնենք»,-ասաց վարչապետը։





























