ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ­-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը, այդ թվում նաեւ` գյուղատնտեսության ոլորտում:

«Ճապոնիայի կառավարությունը մեծապես աջակցել է Հայաստանին անկախացումից հետո, հատկապես գյուղատնտեսության բնագավառի զարգացման ուղղությամբ եւ համոզված եմ, որ Ձեր նշանակմամբ մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կզարգանան», -  նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Բարձր գնահատելով հատկապես Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքները, որոնց շրջանակում տրամադրվել է անհատույց դրամաշնորհ տեխնիկական միջոցների, սարքավորումների եւ ծառայությունների ձեռքբերման համար, նախարարն ընդգծել է, որ այդ գործակալությունն իր գործունեությամբ մեծապես նպաստում է մեր երկրում ագրարային ոլորտի առաջընթացին: Բացի այդ, նախարարը կարեւորել է նաեւ JICA-ի կողմից կազմակերպվող տարբեր մասնագիտությունների գծով դասընթացները, որոնց  մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի եւ համակարգի մի շարք մասնագետներ:

Դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի ու Ճապոնիայի միջեւ առկա է մեծ ներուժ, եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն լավագույնս օգտագործելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ JICA-ի կողմից կատարվող ուսումնասիրություններն ու նախապատրաստական աշխատանքները Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ, որի համար Ճապոնիայի կառավարությունը տրամադրելու է վարկային միջոցներ: Ծրագրով նախատեսվում է Եղվարդի ջրամբարի վերականգնումը եւ այդ տարածաշրջանում ոռոգման համակարգերի արդիականացումը:

Վստահություն հայտնելով, որ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես, հայկական գինին, կոնյակը, թարմ պտուղ-բանջարեղենը, ձկնամթերքն ու չրերը կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել ու պահանջարկ ունենալ ճապոնական շուկայում` նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է Ճապոնիայում կազմակերպել հայկական գյուղմթերքի ցուցահանդես: Ի պատասխան հնչեցված առաջարկի` դեսպան Էյջի Տագուչին պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել առաջիկայում նման ցուցահանդեսի կազմակերպման հնարավորությունը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են կատարել անհրաժեշտ քայլեր հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: