«Օֆշորի» հայտնի գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով առաջին դատական նիստին մեղադրական  եզրակացության հրապարակումից հետո ասաց ամբաստանյալը:

Նշենք, որ դատական նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը նիստի սկզբում որոշեց ապացույցների հետազոտման կարգը, ըստ որի առաջինը կհարցաքննվի տուժողը, այնուհետեւ  դատակոչված վկաները, որից հետո ամբաստանյալը:

Այս պահին դատական նիստը շարունակվում է, հարցաքննվում է տուժող Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: