Հուլիսի 8-ին Բրյուսելում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ գործարար կապերի զարգացմանը նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին մի կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի, մյուս կողմից` Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության եւ Բրյուսելի առեւտրի պալատի միջեւ:

Հայկական կողմից հուշագրերը ստորագրել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, իսկ բելգիական կողմից` Վալոնիայի արտահանման եւ ներդրումների գործակալության գործադիր տնօրեն Պասկալ Դելկոմինետը, Վալոնիայի ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Վինսենտ Ռեուտերը եւ Բրյուսելի առեւտրի պալատի միջազգային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սաբին Սորտենսը:

Իր ելույթում Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի եւ Բելգիայի առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասնագիտացված գործակալությունների ու միությունների միջեւ համագործակցության ամրապնդումն ու խորացումն անկասկած դրական անրադարձ կունենա այս բնագավառներում հայ-բելգիական գործակցության արդյունավետության բաձրացման, ձեռնարկատիրական շրջանների միջեւ շփումների ակտիվացման, փոխադարձ ճանաչելիության մեծացման վրա:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն ընդգծեց, որ համագարծակցությունը հավելյալ հնարավորություններ կընձեռի կողմերին համատեղ ծրագրերի իրականացման համար՝ ուղղված առեւտրի եւ ներդրումների խթանմանը, արդյունաբերական, առեւտրային եւ տեխնոլոգիական համագործակցության զարգացմանը: