Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ զրպարտություն է անվանում տեղեկատվությունը, ըստ որի Անդրանիկ Նիկողոսյանը բռնաբարությանը փորձ է կատարել իր ծանոթուհու նկատմամբ:

Հայտարարությունում ասվում է. «Ռուսական դեղին կայքերում տարածված տեղեկատվությունը, թե, իբր, Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը Մոսկվայում մեղադրվում է բռնի գործողություններ կատարելու մեջ, կատարյալ զրպարտության վառ օրինակ է: Այդ` մինչ այժմ անհայտ ռուսական կայքերում տեղ գտած հրապարակումները չունեն ոչ մի հիմք եւ միտված են Նիկողոսյանի համբավի արատավորմանը:

Ցավալի է, որ հայկական լրատվամիջոցներն էլ, անտեսելով տեղեկատվության սկզբնաղբյուրի անվստահելի ծագումնաբանությունը, սենսացիայի փնտրտուքում շտապեցին արտատպել այդ անհեթեթությունը՝ առանց դրանում տեղ գտած մանրամասների ստուգման որեւէ փորձ կատարելու:

Սա հակված ենք դիտարկելու իբրեւ Նիկողոսյանի անձի դեմ ուղղված տեղեկատվական արշավանքի եւս մեկ դրսեւորում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով նրան իրեն դաժան ծեծի ենթարկելու եւ բռնաբարության փորձի մեջ, հայտնում է «Նացիոնալնիե ինտերեսի» գործակալությունը։

ՌԴ ՆԳՆ Գագարնի շրջանում հիմա ստուգում են այս փաստը։ Նիկողոսյանը, չնայած ոստիկանների պահանջին, չի ներկայացել ոստիկանություն, նրա հեռախոսն անջատված է։

Տուժածը բողոք է ներկայացրել մեկ ամիս անց այն բանից հետո, երբ բռնության է ենթարկվել Անդրանիկ Նիկողոսյանի եւ նրա վարորդ Էդգարի կողմից։ Կինը դա բացատրել է այն հանգամանքով, որ սաստիկ վախեցած է եղել, քանի որ նրանք սպառնացել են վրեժ լուծել, եթե ինքը դիմի ոստիկանություն։

Նշենք, որ Նիկողոսյանը արժանացել է բազմաթիվ պետական շքանշանների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նվիրած բարեկամության շքանշանի։