Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազ գնելուց՝ կապված ռուսական ռազմական օդանավերի կողմից իր օդային տարածքը խախտելու միջադեպերի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը:

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այս հարցերում: Մենք Ռուսաստանից բնական գազի թիվ մեկ գնորդն ենք: Թուրքիայի կորուստը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ գնել տարբեր վայրերից»,-Ճապոնիա իր այցից առաջ հայտարարել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են նմանատիպ մոտեցում ցուցաբերել նաեւ ռուսական նախագծով «Աքույու» ատոմակայանի կառուցման հարցում:

«Եթե ռուսները չկառուցեն «Աքույու» ԱԷԿ-ը, մեկ ուրիշը կգա ու կկառուցի»,-հայտարարել է Էրդողանը:

Ռուսական կողմի նախորդ բացատրությունները՝ կապված Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու հետ, Էրդողանն անվանել է «ոչ համոզիչ»: