«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերի տույժ–տուգանքները, որոնցից հրաժարվելու մասին իրենք ստիպված են եղել ստորագրություն տալ աշխատավարձերի պարտքերի վճարման պայմանագիրը կնքելիս:

«Մենք ստիպված ենք ստորագրել այդ պայմանագիրը, որոնցով հրաժարվել են ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձերի տույժ տուգանքներից: Եթե հաշվենք, դա աշխատավարձի 60 տոկոսն է կազմել: Մեզ ասեցին, եթե դա չստորագրեք, մայր գումարը չեք ստանա: Մենք քանի որ 2 տարի աշխատավարձ չէինք ստացել, ստիպված համաձայնեցինք»,- ասաց Անահիտ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք պահանջում են նաեւ վերագործարկել գործարանը, քանի որ 1700 աշխատակիցներ անգործ են մնացել:

Նշենք, որ  նաիրիտցիները ամեն հինգշաբթի հավաքվելու են Կառավարության դիմաց՝ պահանջելու գործարանի վերագործարկում:

Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցների աշխատավարձը հատկացրել է պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը: