ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 8-ի նիստում կանոնակարգել է չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն եւ վճարելուն առնչվող հարաբերությունները:

Կառավարությանն համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Մասնավորապես`

- սահմանվել են այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մայրության նպաստ նշանակելու համար,

- մայրության նպաստը նշանակվում եւ վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով,

- մայրության նպաստը նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ,

- երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել հղիության մինչեւ 12 շաբաթական ժամկետում,

- ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ նշանակվում է կնոջ` մինչեւ հղիության 12 շաբաթականը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելու վերաբերյալ նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության (որտեղ հաշվառված է եղել հղին) տված տեղեկանքի հիման վրա,

- նպաստը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնի կողմից: