Տասնամյակներ անց Երեւանում ավիամոդելավորման նոր խմբակներ են բացվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Kits Club խմբակի ղեկավար Կարեն Թանգյանը նշեց, որ այն վերջերս է բացվել, մայրաքաղաքի Դավիթաշեն շրջանում:
Ներկա սերնդի համար սա, գուցե, նորություն է, բայց ոչ նրանց ծնողների համար: Շատերին հենց հայրերն են խմբակ բերում:
«Վատ է միայն այն, որ բազմաթիվ հրահանգիչներ այս 20 տարիների ընթացքում հեռացել են երկրից: Մեկ վարպետ մնացել է, ինքս էլ նրա աշակերտներից եմ: Իսկ մյուսն առողջական խնդիրներ ուներ, այդ պատճառով մի քանի տարի առաջ ստիպված էինք փակել Շենգավիթի խմբակը:
Բայց երեխաներն այնպես են, որ մի անգամ մենք ցույց ենք տալիս, թե որքան հրաշալի է ինքնուրույն որեւէ բան կտրել եւ պատրաստել, դրանից հետո երկրորդ անգամ ստիպված չենք լինում կանչել: Հատկապես, երբ իմանում են, որ կարող են իրենց մոդելներն ուրիշներին ցուցադրել»,- PanArmenian Expo ցուցահանդեսի ժամանակ պատմեց Թանգյանը:
Իսկ երեխաներին, ովքեր ցանկանում են ինժեներական տարրական գիտելիքներից ավելին ստանալ, խմբակը պատրաստ է սովորեցնել նաեւ ռադիոկառավարմամբ ինքնաթիռներ հավաքել:
«Ցավոք, ավիամոդելավորումն ու նավային մոդելավորումը հանեցին ԴՕՍԱԱՖ-ի խմբակների շարքից: Ցավալի է, իհարկե, քանի որ հիմա նրանք, ովքեր ռազմական ինժեներություն են ուսումնասիրում, ամեն դեպքում ուսումնասիրում են անօդաչու սարքերը: Իսկ նրանք որտե՞ղ կարող են անել առաջին քայլերը, եթե ոչ դպրոցական խմբակներում: Միանգամից մասնագետ չես դառնա»,- հավելեց նա:
Նշենք, որ PanArmenian Expo-ն անցկացվում է հոկտեմբերի 8-11-ը, «Մերգելյան էքսպո» ցուցասրահում: Ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներից է նաեւ NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:




























