Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետական նախարար Արլեմ Դեզիրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների պատմության նոր փուլի մասին, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներին եւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացին։
Ի՞նչ հանդիպումներ են պլանավորված Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ֆորումի 31-րդ նստաշրջանի շրջանակներում։
Սա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շատ կարեւոր ֆորում է։ Նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, այստեղ էր։ Ինչպես գիտեք, Ֆրանսիան շատ բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Եվ մեզ համար շատ կարեւոր է լինել Երեւանում բոլոր կարեւոր միջոցառումների ժամանակ։ Ես հանդիպումներ եմ ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի պատգամավորների, վարչապետի եւ արտգործնախարարի հետ։
Ես կարծում եմ, որ շատ հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք, մասնավորապես Սիրիայի պատերազմի պատճառով առաջ եկած միջազգային ճգնաժամը։ Մենք պետք է փորձենք այդ ճգնաժամին լուծում գտնել։ Մենք քննարկելու ենք նաեւ ժողովրդավարական գործընթացի զարգացմանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներում կայանալիք ընտրություններին վերաբերող հարցերը։
Ի՞նչ փուլում է գտնվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման գործընթացը։
Ինչպես Դուք գիտեք, օրենքը ընդունվել էր ինչպես Ազգային Ժողովի խորհրդարանում, այնպես էլ Սենատում, սակայն մերժվել էր Սահմանադրական խորհրդի կողմից։ Մենք նաեւ ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մակարդակով որոշում կկայացվի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով։ Մենք իհարկե պետք է հաշվի առնենք այդ որոշումը։
Ձեր կարծիքով ինչպիսի՞ն են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Դա քննարկման կենտրոնական թեմաներից մեկը կլինի։ Ֆրանսիան Հայաստանին աջակցում է Եվրամիության հետ բանակցություններում՝ հատուկ համաձայնագիր կնքելու նպատակով, անգամ եթե Հայաստանը որոշել է Ռուսաստանի հետ դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Մենք հարգում ենք այդ ընտրությունը եւ կհաստատենք ԵՄ մակարդակով բանակցությունների մանդատը եկող շաբաթ Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Մենք ՀՀ կառավարությունում իմ գործընկերոջ հետ կքննարկենք համագործակցության ոլորտները, որոնց շուրջ ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել։ Ոչ միայն տնտեսության, առեւտրի, այլ նաեւ քաղաքական եւ մշակութային փոխհամագործակցության ոլորտներում։ Կարծում եմ, ներկայումս հեռանկարները բավական կոնկրետ են։ Եվ մենք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների պատմության այդ նոր փուլը կբացենք եկող շաբաթ։
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի ներկայացուցիչ՝ Դուք ի՞նչ հեռանկարներ եք տեսնում ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շարունակման գործում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Մենք տեղյակ ենք հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Ինչպես Դուք գիտեք, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հավատարիմ է խաղաղ բանակցային գործընթացներին։ Եվ այսօր մենք այդ հարցը կքննարկենք ՀՀ արտգործնախարարի հետ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է հետեւել Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված քննարկումներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար։
Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը





























