Նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով մի քանի տասնյակ պատվիրակությունների ժամանումը Հայաստանի մայրաքաղաք բացառիկ իրադարձություն է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳՆ ղեկավարների համաժողովում։

Ինչպես ընդգծել է ՀՀ արտգործնախարարը՝ ՖՄԿ երկրները համախմբվել են այնպիսի հասկացությունների շուրջ, ինչպիսիք են խաղաղությունն ու մարդու իրավունքները։

Նրա խոսքով, նման բարձր մակարդակի հանդիպում հյուընկալելով՝ Հայաստանը նաեւ վերահաստատում է այն տեղը, որը դարեր շարունակ զբաղեցրել է քաղաքակրթությունների խաչմերուկում, արժանիորեն կրելով մի երկրի կոչում, որտեղ գլխավոր արժեքներն են եղել հանդուրժողականությունը, մարդկանց ու մշակույթների առջեւ բաց լինելը։

Մեզ համար նաեւ կարեւոր էր ընդգծել ֆրանկոֆոնիայի բազմամշակութայնությունը, կազմակերպության միավորած  երկրների ժողովուրդների ու մշակույթների հարստությունը,  նշեց նախարարը՝ հաստատելով Հայաստանի հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին ու նպատակներին։ Այս կապակցությամբ նախարարը նաեւ կարեւորեց ՖՄԿ Խորհրդարանական վեհաժողովի ու Հայաստանի խորհրդարանի հարաբերությունների եւ ապակենտրոնական կապերի զարգացումը։

Ինչպես նշեց նախարարը՝ համաժողովը կարեւոր փուլ է հարաբերություններում, որն էլ ավելի կամրապնդի կազմակերպությունը։

«Մենք երջանիկ ենք այս համաժողովը հյուրընկալելու համար։ Սա նաեւ հնարավորություն է տալիս ծանոթացնել մեր հյուրերին Հայաստանի մշակույթի հետ»,- ամփոփեց Էդվարդ Նալբանդյանը։