Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի եւ Ռուսաստանի հասցրած ավիահարվածները մրցակցում են իրար հետ։ Այս մասին «Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակներում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնի տնօրեն Փոլ Սոնդերսը՝ անդրադառնալով NEWS.am-ի թղթակից այն հարցին, թե որքանով է արդյունավետ Մերձավոր Արեւելքում ահաբեկչության եւ «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի պայքարը։

Փորձագետը նշել է, որ այդ առումով ԻՊ-ի դեմ պայքարն այդքան էլ արդյունավետ չէ։ «Դեռեւս ոչ ոք այն քանակությամբ ռազմական ուժ չի ներգրավել, որը բավական լինի տրամաբանական ժամկետներում Սիրիայի քաղաքացիական պատերազմը ավարտելու համար»,- ընդգծել է Սոնդերսը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն էր տվել ՌԴ զինված ուժերը արտասահմանում գործի դնելու Վլադիմիր Պուտինի առաջարկությանը։