Հաշմանդամություն ունեցող կանայք ավելի խոցելի են, քան տղամարդիկ և ավելի շատ են ենթարկվում հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը` նշելով, որ հայ հասարակությունը վերջին տարիներին սկսել է համեմատ լավ վերաբերվել հաշմանդամություն ունեցող անձանց:
«Մեզ մոտ մտավոր խնդիրներ ունեցող կանայք, աղջիկներն են ավելի շատ սեռական և հոգեբանական բռնության ենթարկվում, սակայն վերջին տարիներին հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացել է, և նման դեպքերը համեմատաբար նվազել են: Հաշմանադամություն ունեցող աղջիկների մեծ մասը բռնության ենթարկվելու մտավախությամբ խուսափում է դուրս գալ տնից, հաճախել դպրոց, կամ ունենալ սիրած զբաղմունք»,- ասաց «Մենք կարող ենք» ՀԿ նախագահը:
Արմինե Սահակյանի խոսքով, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները պետք է ավելի տեղեկացված լինեն, որպեսզի կարողանան ճիշտ դաստիարակել նրանց: Այսպիսի խնդիրներ ունեցող երեխաներին պետք չէ չափից ավելի ուշադրություն, նրանց պետք է վերաբերվել որպես լիարժեք մարդու, որպեսզի նրանք կարողանան զարգանալ, դառնալ ինքնուրույն:
«Մեզ մոտ մեծ մասամբ այսպես է, հաշմանդամություն ունեցող աղջկան, կնոջը տանը վերաբերվում են որպես գործ անողի, մտածում են, որ այլ բանով չի կարողանա զբաղվել: Ճիշտ է` ջերմություն կա, տանն են ապրում, բայց որպես լիարժեք մարդու չեն վերաբերվում՝ ուշադրությունը կամ չափից ավելի է, կամ ընդհանրապես անտեսված են: Շատ հազվադեպ ենք տեսնում, որ հաշմանդամություն ունեցող աղջիկը կրթված է լինում, սիրած զբաղմունք ունենում և այլն»,-ասաց Արմինե Սահակյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին, տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տնից, կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:





























