Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ձեւավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովի հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մոսկվայի փոխքաղաքապետը ժամանել է մասնակցելու «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարության միջոցառումներին։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։

Բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման եւ ամրապնդման կարեւորությունը, նաեւ հատկանշել, որ 2013 թվականին Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների միջեւ ստորագրված 2014-2016թթ. hամագործակցության ծրագիրը փոխգործակցության խորացման նոր հնարավորություններ է ընձեռել երկուստեք հարաբերություններում։

«Մոսկվան Երեւանի համար իսկապես վստահելի գործընկեր է, եւ մենք բարձր ենք գնահատում երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված Մոսկվայի կառավարության ջանքերը: Հաշվի առնելով վերջին տարիներին ծրագրային մեր համագործակցության` արդեն փաստված արդյունավետությունը, պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ: Վստահ եմ, որ ձեւավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը»,- ընդգծել է քաղաքապետը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Լեոնիդ Պեչատնիկովը նախ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջույններն ու Երեւանի տոնի առթիվ շնորհավորանքն է փոխանցել Տարոն Մարգարյանին՝ ընդգծելով, որ Մոսկվան բարձր է գնահատում Երեւանի հետ փոխգործակցությունն ու վստահեցրել է, որ այն էլ ավելի ընդլայնելու եւ զարգացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական են:

«Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլեւ ջերմ բարեկամանական հարաբերություններ: Եվ մենք նույնպես վստահ ենք, պարոն քաղաքապետ, որ երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերությունները հետզհետե կզարգանան ու կընդլայնվեն համագործակցության ուղղությունները»,-նշել է Լեոնիդ Պեչատնիկովը: