Սփյուռքահայ հայտնի բարերար Վահագն Հովնանյանի աճյունափոշու մի մասը հոկտեմբերի 10-ին, իր կտակի համաձայն, շաղ են տվել Արագածի փեշերին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հովնանյանի դուստրը՝ Նինա Հովնանյանը։
Նրա խոսքով, աճյունափոշու մի մասն առաջիկայում տարվելու է ԱՄՆ, որտեղ կամփոփվի Նյու Ջերսիում Հովնանյանի անվան դպրոցի դիմաց։
«Հորս ցանկությամբ փոշու մի մասն էլ շաղ ենք տալու Արարատ եւ Արայի լեռների փեշերին»,- ասաց Նինա Հովնանյանը։
Նշենք, որ այսօր Վահագնի թաղամասի հարեւանությամբ բացվել է Վահագն Հովնանյանի հիշատակին նվիրված հուշաքար։ Բացմանը մասնակցում են Հովնանյանի դուստրն՝ իր ընտանիքի հետ եւ այլ հյուրեր։
Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում:
1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան։
Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։
2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։
Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։
1998 թվականին Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:





























