Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:
NEWS.am-ին դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե Հայաստանի հասարակությունը չի աջակցում սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները շատ նեղ շրջանակ են. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմց ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին (ինքը զբաղվել է այնտեղ լոբբինգով, եւ մենք փաստեր էլ ունենք)»,- ասել էր Զուրաբյանը:





























