Եվրամիության 28 երկրների արտգործնախարարները դատապարտում են Սիրիայում Ռուսաստանի գործողությունները եւ մեղադրում են նրան ճգնաժամի կարգավորման գործընթացը սասանելու համար։ Այս մասին ասված է Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ Խորհրդի ամփոփ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի վերջին ռազմական հարձակումներն առաջ են բերում մեր խորին անհանգստությունը։ Դրանք պետք է անհապաղ դադարեն, ինչպես նաեւ Ռուսաստանը պետք է վերջ տա Սիրիայի հարեւան երկրների օդային սահմանները խախտելուն։ Այս ռազմական էսկալացիան հղի է քաղաքական գործընթացը տապալելու եւ հակամարտությունը շարունակելու վտագով»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Եվրամիությունը Ռուսաստանի կոչ է արել ջանքերը կենտրոնացնել հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Այդ կապակցությամբ ԵՄ-ն Ռուսաստանին հորդորում է ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա բռնության ալիքը մեղմելու համար։