Վերջերս մեծացել է անկայունությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այդ մասին APA-ի մոսկովյան թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։   

Լ. Զանյերն ընդգծել է, որ անհրաժեշտ է սրել քաղաքական ուշադրությունը այդ հարցի վրա։ Նա ասել է, որ իր կարծիքով համանախագահների եւս երկու հանդիպում է նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ։  

«Միջազգային հանրությունը պիտի մեծացնի ազդեցությունը երկու կողմի վրա էլ եւ պիտի հանրության ուշադրությունը հրավիրի այդ հարցի քաղաքական լուծման անհրաժեշտության վրա», - հայտարարել է Լամբերտո Զանյերը։  

Նա նշել է, որ հատուկ խումբ կա, որը զբաղվում է այդ շրջանի մոնիտորինգով եւ անցկացվելիք միջոցառումների որոշակի շարք է նախապատրաստել։   «Անհրաժեշտ է հատուկ մեխանիզմներ ստեղծել, որպեսզի երկու կողմն էլ կարողանան իրենց ներդրումն ունենալ այդ հարցի լուծման գործում։ Հատուկ անհանգստություն է առաջացնում ծանր ռազմատեխնիկայի կիրառությունը։ Հարցը հասունացել է քաղաքական նախաձեռնությունների համար»։

Լ. Զանյերը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրի նախագահների հանդիպում կկազմակերպվի։