Երուսաղեմում կատարված երկու ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով երկու մարդ էր զոհվել ու մոտավորապես 20-ը վիրավորվել, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել երկրի գլխավոր նախարարների ու ուժային կառույցների ղեկավարների հետ:
Պաշտոնապես հաստատելով զոհերի քանակը՝ ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ երկու պաղեստինցիներ ավտոբուսում հրաձգություն են սկսել, իսկ ավտոբուսի կանգառներից մեկում էլ միտումնավոր վրաերթ կատարելուց հետո արաբ վարորդը դուրս է եկել մեքենայից ու դանակով հարձակվել հետիոտնի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռազմաքաղաքական կաբինետը որոշում է կայացնելու՝ ահաբեկչության չհանդարտվող ալիքի պայմաններում լրացուցիչ քայլեր ձեռնարկելու մասին»,- հայտնել է Նեթանյահուի մամուլի ծառայությունը: Պատերազմի ու խաղաղության հարցերը լուծելու իրավասություն ունեցող մարմնի նիստը ծրագրված է Երեւանի ժամանակով 15:00-ին:
Իսրայելի քաղաքական մեկնաբանները ենթադրում են, որ Նեթանյահուից պահանջելու են շրջափակել պաղեստինյան տարածքները ու գուցե նաեւ Արեւելյան Երուսաղեմը. հարձակվողներից առնվազն մեկը ծնունդով այնտեղից է:
Ահաբեկչություն որակված եւս երկու հարձակում է տեղի ունեցել երեքշաբթի Ռաանան փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Թել Ավիվի մոտ: Ըստ ոստիկանանության հայտնած տեղեկությունների՝ այնտեղ առնվազն չորս մարդ է վիրավորվել:





























